ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Իմ մեջ հայի արյունը շատ է, արյանս յուրաքանչյուր կաթիլը հայ է»

«Իմ մեջ հայի արյունը շատ է, արյանս յուրաքանչյուր կաթիլը հայ է»
05.12.2017 | 17:59

Տաղանդավոր նկարիչ Սերգեյ (Սերժ) Մալցևը ծնվել է Երևանում: Նրա հայրը՝ Իվան Մալցևը, Կուբանի կազակներից էր, իսկ մայրը՝ Վարսենիկ Գյոզալյանը, պոլսեցի էր:
Սերգեյը սովորել է Երևանի Վ. Բելինսկու անվան դպրոցում, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Մանկուց նկարում էր:


Հայրը ցանկանում էր որդուն զինվորական տեսնել: Մի պահ Սերգեյը մտածում էր ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մասին: Բայց, ի վերջո, հաղթում է սերը նկարչության հանդեպ:
-Դպրոցում հաճախում էի մարտական խմբակ: Մարզիչս մի օր ասաց. «Լավագույն դեպքում մարզիչ կդառնաս»: Հաճախում էի նաև նկարչական խմբակ: ՈՒսուցիչս օրիգինալ ազգանուն ուներ՝ Նիկոլայ Նիկոլաևիչ Բրեժնև: Ինձ ինչ-որ բան հաջողվում էր, ինչ-որ բան չէր հաջողվում: Բայց ուսուցիչս ինձ շատ էր ոգևորում: Եվ երբ ընդունվեցի Թերլեմեզյան, հասկացա, որ առանց նկարչության չեմ կարող: Դա Աստծո տված է, ճակատագիր: Հիմա ես չեմ պատկերացնում, որ ուրիշ մասնագիտություն կարող էի ընտրել: Երբ զբաղվեցի պրոֆեսիոնալ նկարչությամբ, զգացի, որ չէի կարող լինել զինվորական, սպորտսմեն, ինժեներ: Նկարչությունը ինձ գերեց, ներխուժեց իմ մեջ: Դա օրինաչափություն է, որ ես նկարիչ եմ, ու ես երջանիկ եմ, որովհետև նկարելը ինձ բավականություն է պատճառում:

Տեսաբանները նշում են Սերգեյ Մալցևի զգացմունքների առատությունը, կենսասիրությունը, լավատեսությունը: Նա սիրում է նկարել հարազատ բնությունը, մարդկանց, Երևանը, Սևանը:
-Մարդ պետք է սիրի, բարի լինի, բարին քարոզի: Նա անհանգիստ պետք է լինի միշտ, անտարբեր չլինի: Եթե մեկը սայթաքել է, պետք է օգնության հասնի: Մարդը պետք է ուրախ լինի, լավատես: Մանկուց մեր ընտանիքում ես դա եմ տեսել: Ինձնից մեծերի հետ շատ եմ շփվել, նրանցից շատ բան եմ սովորել, շատ բան եմ քաղել, հասկացել, աշխարհայացքս է հարստացել, ինքնազարգացել եմ, սովորել եմ կյանքին նայել տարբեր ռակուրսներից: Նրանք ինձ օգնել են, որ կայանամ որպես մարդ, նկարիչ, քաղաքացի: Եվ միշտ սիրով եմ նայել ինձ շրջապատող ամեն ինչին: ՈՒզում եմ, որ մյուսներն էլ մտածեն ինձ պես: Դրանից է երևի, որ ինչին ձեռքս կպչում է, համարյա թե ստացվում է:
Չեմ սիրում, երբ մարդիկ դժգոհում են: Ո՞նց կարելի է մռթմռթալ, երբ Աստված քեզ օր է տվել՝ լուսաբաց, երկինք, երեխային շոյելու և համբուրելու, կնոջը սիրելու, ընկերներին տեսնելու, աշխատելու հնարավորություն: Դա հրա՜շք է, ուրախություն, հավատ վաղվա օրվա հանդեպ: ՈՒրախ եմ, որ ընկերներս «վարակվել» են ինձնից: Առանց լավատեսության չի կարելի ապրել, այն օգնում է դժվարությունները, արգելքները հաղթահարելու:
Չեմ սիրում լալկաններին, ովքեր դժվար պահերին դիմում են խմիչքին կամ սպասում են, թե ով կօգնի Ամերիկայից: Դիմացինդ չպետք է զգա թուլությունդ, դու ինքդ պետք է շտկես դժվարությունը, հաղթահարես այն: Չնայած ես շատ զգացմունքային եմ, նրբանկատ, դժվար պահերին ինձ ամուր եմ պահում:


Նկարիչը նկարում է մարդկանց համար: Նա ցանկություն ունի, որ մարդիկ ճանաչեն իրեն, զգան նկարչի հոգին, կարդան մտքերը, կարծիք հայտնեն: Հիշում եմ առաջին ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ արվեստի աշխատողների տանը, այսօր չկա էլ այդ տունը (շենքը կա, բայց արվեստի աշխատողի տուն չէ): Ես ուսանող էի, և ներկայացված էին իմ սևանյան էտյուդները: Շատ հպարտ էի: Գովեստի շատ խոսքեր լսեցի: Իսկ դա պարտավորեցնում է լավ աշխատելու, շատ աշխատելու:

Սերգեյ Մալցևը հետագայում ունեցավ անհատական ցուցահանդեսներ, նրա գեղանկարչական աշխատանքները ցուցադրվել են նախկին Միության հանրապետություններում, աշխարհի տարբեր երկրներում:
-Նկարիչը, ինչպես բոլոր մարդիկ, ունի գեղեցիկ ապրելու ցանկություն, ունի կենցաղային պրոբլեմներ, որոնք լուծելու համար փող է անհրաժեշտ: Ի վերջո, գոյություն ունեն ընտանեկան պարտականություններ և պետք են նյութական ապահովություն, կարողություն: Վերջին տարիներին մեր նկարիչները հնարավորություն ունեցան մեկնելու արտասահման, այնտեղ ցուցադրելու աշխատանքները, վաճառելու: Դրսում մեզ սկսեցին ճանաչել, հետաքրքրվել հայ նկարիչներով: Որոշ չափով նյութականը բարելավվեց, բայց մեզ մոտ նկարները շատ էժան են: Եվ կան նկարիչներ, որոնք չեն կարողանում վաճառել իրենց աշխատանքները: Ընդհանրապես մեր նկարիչները միշտ էլ տարբերվել են: Տարբերվել են իրենց գույներով, մտածողությամբ, ձևի զգացողությամբ, յուրատեսակ մոտեցումներով: Ես հիշում եմ իմ ուսուցիչներին: Առաջին ուսուցիչս ինստիտուտում Արամայիս Ծատուրյանն էր՝ հրաշալի մարդ, մանկավարժ: Նրանից ես ստացա նոր զգացմունքներ, զգացի նկարի բուրմունքը: Նա օգնեց հասկանալու, թե ինչ է գույնը, գիծը: Երբ վրձին էր վերցնում, հաճույքից ձեռքը դողում էր...


Հրաշալի էին Անատոլի Գրիգորյանը, Փարավոն Միրզոյանը:
Մեծ վարպետ էր Էդվարդ Իսաբեկյանը, Էյֆելյան աշտարակ էր: Ցավոք, չկա հիմա: Մեծանում են մեր վարպետները: Մենք էլ ենք մեծանում: Տա Աստված, որ մենք էլ մի լավ հետք թողնենք:

Սերգեյ Մալցևը շատ է սիրում իր երկիրը, իր Երևանը: Երբ դրսում է լինում, շատ է կարոտում իր հարազատ քաղաքին: Նա իրեն Երևանի փոքրիկ մասնիկն է համարում: Սիրում է կրկնել. «Երևանը իմ հոգին է, խիղճը, արժանիքը: Որ սիրտդ հանեն, ո՞նց կապրես»:
-Խուսափում եմ քաղաք դուրս գալ: Աբովյանն այն չէ... Քայլում եմ այն փողոցներով, որտեղ կա հինը, հինը լավ է: Չէր կարելի կենտրոնը ծանրաբեռնել այդ նոր կառույցներով, դա մերը չէ, նորը պետք է շաղկապվեր հնի հետ: Եթե Թամանյանը տեսներ այսօրվա կենտրոնը, կմղկտար:
Երբ ես անձնագիր պետք է ստանայի, հայրս ասաց. «ՈՒմ ազգանունն ուզում ես, վերցրու»: Ես վերցրի հորս ազգանունը, որովհետև հայրն է առաջնայինը, հայրն է ստեղծողը, ուժեղը, պահողը...


Իմ մեջ հայի արյունը շատ է, արյանս յուրաքանչյուր կաթիլը հայ է: Ես ինձ հայ եմ զգում: Ամեն ինչ իմ կյանքում կապված է Հայաստանի հետ: Մինչև վերջ էլ կմնամ այստեղ: Ես ուժեղ եմ մեր արևով, քարերով, բուրմունքով, ցամաքով, ջրերով... Ոգուս և հոգուս բջիջները այս երկրի հետ են: Սա մերն է: Ոչ ոք իրավունք չունի մեզնից դա տանելու:

Սերգեյ Մալցևին նվիրված «Օթյակը» ես պատրաստեցի 2008 թվականին: Իսկ 2017 թ. ապրիլի 2-ին Սերգեյ Մալցևը հեռացավ կյանքից: Սակայն կա ևս մեկ Սերժ Մալցև՝ նկարչի որդին: Ի դեպ, կրտսեր Սերժն էլ է նկարիչ:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2689

Մեկնաբանություններ